Ներկայացում՝ Արծվաբույն

   Բյուրեղավանի հիմնական դպրոցի սաները Գ. Սունդուկյանի անվան թատրոնում ականատես եղան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված <<Արծվաբույն>> ներկայացմանը:

  Ներկայացումը հիմնված էր իրական դեպքերի վրա, ուր լեռնաքարցիները, անառիկ բերդ դառնալով, փակեցին թուրքի ճանապարհը՝ վերածվելով ճերմակաթև հրեշտակների, որ երկնքից էլ պաշտպանեն Հայաստան տանող դարպասները:

Թատերախաղը հոգեցունց էր, լռությունը՝ համատարած, զգացողությունը՝ աննկարագրելի:Բեմն ու դահլիճը ձուլվել էին, դերասանների մեջ կենդանացել էին հերոսները, իսկ յուրաքանչյուր աշակերտ զինվոր էր դարձել:

Կար մայր ու Մայր հայրենիք, ուր հողի կանչն էր և սեփական հողում հանգչելու փափագը:

Աշակերտները հեռացան հայրենասիրական ոգով տոգորված և գնացին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Եռաբլուրում թաղված հերոս-նահատակներին և Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերին: